National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.12.2022
ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ ելույթներ են ունեցել պատգամավորները
1 / 14

Պատգամավորները դեկտեմբերի 14-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում քննարկել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

«Մեր հարեւան երկրներում, եւ ոչ միայն անմիջականորեն հարեւան երկրներում, դեռ չեն հասկացել, որ Հայաստանի Հանրապետությունում կան կարմիր գծեր: Այդ կարմիր գծերը մեզ համար հստակ են, դրա մասին մենք խոսել ենք, եւ նման գործողություններով մեզ որեւէ բան պարտադրել չի լինի: Կարծում եմ` իմ ակնարկը տեղ կհասնի ու կհասկանան, որ այս տարբերակը չի աշխատելու»,- ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ ելույթ ունենալիս ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ նախագահը որոշ արձանագրումներ է կատարել` նշելով, որ պետք է միջազգային գործընկերների հետ խոսել միջազգային մանդատի մասին: «Ինչո՞ւ ոչ Մինսկի հարթակի 12 անդամ երկրների դիտորդական առաքելությունը, ինչո՞ւ ոչ, Արցախի տարածքում ունենալու մասին: Սա եւս մեկ արձանագրում է, որ, կարծում եմ, պետք է հնչեցնենք եւ այդ ուղղությամբ սկսենք շատ աշխատել»,- ասել է ԱԺ նախագահը:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ ՌԴ խաղաղապահների մանդատին` ընդգծելով, որ խաղաղապահ ուժերն այնտեղ անհրաժեշտ են, պետք է երկարաձգել գործունեությունը: «Միգուցե, պետք է դիտարկենք ոչ միայն ՌԴ խաղաղապահների, այլ նաեւ միջազգային այլ ձեւաչափերի միջոցով այնտեղ հսկողություն իրականացնելու հարցը»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակի վերաբերյալ հնչած միջազգային գնահատականներին` խորհրդարանի նախագահն արձանագրել է, որ այս պահի դրությամբ արդեն իսկ ԱՄՆ-ը, ԵՄ-ը եւ Ֆրանսիան հասցեական հայտարարություններ են արել: «Մեր ունեցած տեղեկություններով նաեւ Ռուսաստանի Դաշնությունն է պատրաստվում նմանատիպ հայտարարություն անել, որին հայ ժողովուրդն իր դաշնակից երկրից վաղուց է սպասում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ նախագահի դիտարկմամբ զավեշտ է, որ բնապահպանական լոզունգներ առաջ տանելով, բնական գազն անջատելով` փորձում են բնապահպանական հարցեր լուծել մեր հարեւան երկրի ներկայացուցիչները: Նրա կարծիքով կատարված արձանագրումները պետք է խորհրդարանական դիվանագիտության առանցքում լինեն:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր զորակցությունն է հայտնել Արցախի մեր հայրենակիցներին: «Մենք բնավ իրենց չենք մոռացել, իրենց կողքին ենք եւ իրենք մեր սրտերում եւ մտքերում են, եւ ջանք ու եռանդ չենք խնայում, որպեսզի իրավիճակն օր առաջ հանգուցալուծվի»,- ասել է ԱԺ փոխնախագահը: Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել այն միջազգային գործընկերներին, որոնք ամենակարեւոր ու պատեհ պահին իրենց հասցեական արձագանքներով կանգնում են Հայաստանի Հանրապետության կողքին, ժողովրդի, երեխաների կողքին եւ նրանց իրավունքները ճանաչում են գերակա, ինչպես իրենց հայտարարություններում:

«Ապացուցման կարիք չունի փաստը, որ Լաչինի միջանցքի հերթական` այս անգամ արդեն օրեր ձգվող արգելափակումով Ադրբեջանն ուղղակիորեն խախտել է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության իր պարտավորությունը»,- ընդգծել է Հռիփսիմե Գրիգորյանը: Ըստ նրա` ձմռանը փակելով գազի մատակարարման փականը եւ առանց ջեռուցման թողնելով ԼՂ բնակչությանը` Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը: Ըստ պատգամավորի` ՌԴ-ի խաղաղապահ առաքելությունը պետք է վերականգնի վերահսկողությունը միջանցքում, ընդ որում` անհապաղ եւ բոլոր միջոցներով:

Սարգիս Խանդանյանի խոսքով քանի դեռ ԼՂ հիմնախնդիրը համապարփակ չի կարգավորվել, չեն սահմանվել ու միջազգայնորեն երաշխավորվել ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության չափանիշները, խաղաղապահների մանդատը պետք է երկարաձգվի կամ դառնա անժամկետ` մինչեւ հարցի վերջնական լուծումը: Պատգամավորը կարեւորել է ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի կողմից ԼՂ-ում հումանիտար իրավիճակի մոնիթորինգի նպատակով փաստահավաք առաքելության ուղարկումը, ինչն ի ցույց կդնի խաղաղապահների` միջազգային մանդատի անհրաժեշտությունը:

Ըստ Զարուհի Բաթոյանի` Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը միացնող միակ ճանապարհի փակումն ունի մեկ հետեւանք` հումանիտար աղետ շուրջ 120 հազար մարդու համար: Նշվել է, որ առավել դժվար իրավիճակում հայտնվել են ամենախոցելի խմբերը` երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցները, կանայք: Պատգամավորը կոչ է արել միջազգային եւ դիվանագիտական առաքելություն իրականացնող գործընկերներին` հստակ եւ գործուն քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար:

Կարեւորելով ԱԺ հայտարարության ընդունումը` Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ այն պետք է լինի կշռադատված եւ զուսպ: Պատգամավորի խոսքով ստեղծված իրավիճակը պատասխանն է Հայաստանի` ԼՂ հարցում ՌԴ տեսակետը կիսելու դիրքորոշմանը:

«Մի ամբողջ ժողովուրդ կանգնած է ցեղասպանության վտանգի առջեւ, կանգնած է Եվրոպայի խորհրդի մաս կազմող հատվածում»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը: Պատգամավորը կոչ է արել աշխարհի կրոնական առաջնորդներին, հասարակական գործիչներին եւ այն անձանց, ում ձայնն ավելի լսելի է` կանխելու 21-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկը:

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով` Լաչինի միջանցքի փակմամբ Ադրբեջանը հրահրում է պատերազմ, որը Հայաստանը չի ցանկանում: «Մեր օրակարգը խաղաղությունն է, սակայն միջանցքը փակելով` Ադրբեջանը նորից ընկալելի է դարձնում ԼՂ թեման»,- ընդգծել է պատգամավորը: Ըստ նրա` Լաչինի միջանցքն անպայման կբացվի:

Մարիա Կարապետյանը նշել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է հարուցում` օգտվելով այն հանգամանքից, որ աշխարհակարգը փլուզվում է:

Վիլեն Գաբրիելյանն անդրադարձել է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների գործելաոճին` նշելով, որ նրանց նպատակը հանրության պառակտումն ու պետության դիրքերի թուլացումն է:

Ռուստամ Բաքոյանն անընդունելի է համարել Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունները` այն որակելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում: Նրա կարծիքով անընդունելի է նաեւ ռուսական կողմի դրսեւորած չեզոքությունը, երբ եվրոպական շատ երկրներ հարցի վերաբերյալ հանդես են եկել հայտարարություններով:

Վահագն Ալեքսանյանը տեղեկացրել է, որ երեկ գործընկերներ Արմեն Խաչատրյանի, Հայկ Ցիրունյանի, Դավիթ Առուշանյանի եւ Սյունիքի մարզի մյուս պատգամավորների հետ այցելել է Ներքին Խնձորեսկ: Գյուղացիների հետ հանդիպումից հետո պատգամավորները հանդիպել են Արցախի այն քաղաքացիների հետ, որոնք ճանապարհի փակ լինելու պատճառով հանգրվանել են Գորիսում: Պատգամավորի խոսքով հատկապես տպավորվել է անչափահաս երեխաների վարքը, որոնք ծնողների հետ խոսելիս փորձում էին ներկայանալ կենսուրախ, կենսախինդ եւ ուժեղ, որպեսզի ծնողները չանհանգստանան: «Այս դրվագը ներկայացնում է Արցախի խնդիրը: Սա հենց իրավունքի հարց է, որովհետեւ անչափահաս երեխան իր ծնողներին տեսնելու, ծնողների հետ լինելու իրավունք ունի: Երեխաներն իրավունք ունեն ջեռուցվող դպրոց հաճախելու, իրավունք ունեն չսառելու իրենց տներում: Սա է իրավունքը, ինչից փորձում է Ադրբեջանը զրկել այնտեղ ապրող քաղաքացիներին»,- ասել է Վահագն Ալեքսանյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր եզրափակիչ ելույթում նշել է, որ ամենօրյա ռեժիմով իրենք աշխատում են միջազգային գործընկերների հետ  Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության հասցեագրման համար բոլոր հնարավոր գործիքները գտնելու ուղղությամբ: «Ադրբեջանի այն պնդումը, որ գոյություն չունի Լեռնային Ղարաբաղ եւ Լեռնային Ղարաբաղի հարց, այս օրերին Լաչինի միջանցքում կատարվողն ամենավառ ապացույցն է, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղ եւ Լեռնային Ղարաբաղի հարց, եւ սրա ամենագլխավոր առհավատչյան մարդիկ են, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում, կյանքն է, որը կա եւ ընթանում է Լեռնային Ղարաբաղում»,- նշել է նա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am